Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: աբրեշում-մետաքս ծիրանավառ — ծիրանով վառված, ցոլացող, ծիրանի գույնով սեգ — վեհ պերճ-զարդարուն, շքեզ
- Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել: Գույն-երանգ սեգ-խրոխտ փայլուն-անփայլ բույր-հոտ թագուհի-թագավոր, արքայակին
- Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր: Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան — Արագածը համեմատում է ադամանդե վահանի հետ: Ծիրանավառ դու թագուհի — Արագածը համեմատում է թագուհու հետ:
- Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին: Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը։ Այն հանգած հրաբուխ է, որի արդյունքում առաջացել են 4 գագաթները: Ամենաբարձրը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090 մ բարձրություն։
- Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ: Արագածը ամենաբարձր լեռն է, ունի չորս գագաթ:
- Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
- Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:




