Նկարիչ — արձանագործ Երվանդ Քոչարի /1899 — 1979/ ստեղծագործական ժառանգությունը XX դարի Ավանգարդ արվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923 – 1936 թթ. Փարիզում նա ստեղծեց արվեստ, որն իր անունը դասեց այն մեծերի շարքում, որոնցով պայմանավորված է եվրոպական Ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացք: Քոչարը Տարածական նկարչության հիմնադիրն է. պլաստիկ – գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
Հայ արվեստագետը ցուցադրվել է ժամանակի խոշորագույն վարպետների` Պիկասոյի, Բրակի և մյուսների կողքին: 1936 թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ. հետևեցին բանտ, ստեղծագործական մեկուսացում, ինչն ազդեց Քոչարի ստեղծագործական ընթացքի վրա: Այդ ժամանակահատվածը Քոչարի երևանյան շրջանի հանճարեղ թռիչքների, արթնացած հույսերի և այդ հույսերի փլուզման ժամանակն էր: Այս ընթացքում են արարվել «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Մելանխոլիան» /1959թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» /1959թ./ և այլ մեծարժեք ստեղծագործություններ: Երվանդ Քոչարի թանգարանը ստեղծվել է 1984թ. իր արվեստանոցի տեղում:
Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկար, գրաֆիկ, քանդակ աշխատանքները, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակները: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «Տարածական նկարչություն»:
Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:


