Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի


Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր
Նարեկացու ստեղծագործությունը։ Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխարհի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում։ Դա բնության մի հրաշալի անկյուն էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դիմաց, շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով։ Հենց այդտեղ էր սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։
Քիչ հեռու կար ինը սենյակներով մի քարաժայռ, որը, ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։ Նարեկացին մեզ թողել է
բազմաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ
պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը
մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։ Հայ ժողովուրդը
մի առանձին սիրով է վերաբերվել «Նարեկին»։ Այն համարվել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և՛ հոգին, և՛ մարմինը։ «Նարեկը» համարվում էր փրկարար միջոց. դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում
էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր
փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից
Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։


Սայաթ-Նովա


Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-բանաստեղծ։ Ծնվել է 1722թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան։ Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է «երգի որսորդ»։ Սայաթ-Նովան ինքն իրեն համարում էր «խալխի նոքար», այսինքնժողովրդի ծառա։ Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները։ Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ։ Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ։ Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ։ Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է։ Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն։

Posted in Հայրենագիտություն

Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի

Դավիթ Անհաղթ

5-րդ դարում բարձր զարգացման
ու ծաղկունքի հասավ հայ մշակույթը ։
Այս ժամանակաշրջանում զարգացավ նաև գիտությունը, հատկապես փիլիսոփայությունը։ 5-6-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն է։ Նրա անունը նույնացվում է նաև «իմաստուն փիլիսոփա» հասկացության հետ։ «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար։Դավիթ Անհաղթի կենսագրության
մասին շատ քիչ բան է հայտնի. գիտենք միայն, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը եղել է
Մաշտոցի կրտսեր աշակերտներից և ուսման ուղարկվել Հունաստան։ Որպես տաղանդավոր փիլիսոփա նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս։ Հայ եկեղեցին Դավիթ Անհաղթին դասել է սրբերի շարքը։

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին միջնադարյան հայ իրականության մեջ բնական գիտությունների ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։ Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին։ Վերադառնալով հայրենի 107 գավառ Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ։
Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներնվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը։ Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառերով.

Ա – 1

Ժ – 10

Ճ – 100

Ռ – 1000

Եթե որևէ մեկը ծնված լինի 1997թ., ապա այդ տարեթիվը Շիրակացին կգրեր այսպես ՌՋՂԷ։ Նա հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը։ Երբ դուք 6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառերով փորձեք վերծանել դրա կառուցման թվականը, ապա պետք է տվյալ տարեթվին գումարեք 551։
Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել
է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին։ Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը», որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ մեզ հասած եզակի ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու
արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց
ժամանակաշրջանի վարչական բաժանումը։
Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր
գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
Անանիա Շիրակացու այս աշխատությունն իր արժեքը պահպանում է նաև մեր օրերում։ «Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական
հայրենիքի առանձին հատվածների սահմանները, բնակավայրերի
ճիշտ տեղադիրքը, բնական մի շարք օբյեկտների անվանումները
և այլն։