Posted in Պատմություն 6

Վանի թագավորության ծնունդն ու ամրապնդումը

Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրնե­րի դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է
միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արա­րատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն։ Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում ՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։

Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին։ Հին աշխարհում արդեն հռչակ էր վայելում Հարավ-արևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը։ Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում երկաթի ահռելի պաշարներ։ Նրանց ռազմարշավները պայմանավորված էին
նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։
Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
Այսպիսով ՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859–824) արձանագրության մեջ։ Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի
թագավորանիստ քաղաք Արզաշքուն։

Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը
դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի
դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ
գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը
դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց
Վանի թագավորության վերելքը։ Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմու ծումը։ Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանա գրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով:

Կրոնը և աստվածների պանթեոնը (Վանի թագավորություն)։

Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։

«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք`   իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։

Լեզուն և սեպագրությունը (Վանի թագավորություն)։

Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի քան 800 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։

Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։ Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Մեծաթիվ հայ բնակչության ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։

Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։ Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։

Պետական կարգը, բանակը (Վանի թագավորություն)։

Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։

Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։

Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։

Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։

Գյուղատնտեսություն և արհեստներ (Վանի թագավորություն)։

Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։

Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։

Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։  Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։

Առաջադրանքներ

Ներկայացրո՛ւ։

ա․ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում
թագավորության կայացմանը։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

դ․Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած
վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու՞։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն