Posted in Մայրենի 6

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
10Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
20Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

​

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
Posted in Մայրենի 6

Թումանյանական ընթերցումներ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգըստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նըրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,

Իրար կըպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

Թմկաբերդի առումը

(նախերգանք)

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

Լոռեցի Սաքոն

I

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

Քառյակներ

******

Հոգիս` տանը հաստատվել―

Տիեզերքն է ողջ պատել.

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նըկատել։

******

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

******

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։

Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:

*******

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

******

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Posted in Մայրենի 6

Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, ​իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, ​բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը. ​

Հոգուս հատոր,
Սըրտիս կըտոր[1]),
Դասիս համար
Դու մի հոգար.
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ինչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չեն հավանել. այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։

Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը–նրա այն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։