
Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում։ Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է։ Բարենպաստ կլիմայական
և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում։
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր։ Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր։ Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն։ Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը։
Վաղ Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII–VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր՝ լատիններ,սաբիններ, էտրուսկներ։ Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։ Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։ Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ։ Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին։ Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա։ Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին։ Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը։ Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը։ Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա։ Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր։ Նա կարող էր այդ ընթացքում կառավարել՝ առանց հաշվի առնելու պետական մարմինների
կարծիքը։ Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ։
Այսպիսով՝ Ք. ա. VI–III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական՝ ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև
Ք. ա. I դ. վերջերը։
Advertisement
Հռոմի խորհրդանիշը՝ կերակրող գայլը

Ըստ ավանդության՝ լատինական քաղաքներից մեկում արքայի դուստրը ռազմի Մարս
աստծուց ունեցավ երկվորյակ՝ Հռոմուլոսին և Հռեմոսին: Արքայի եղբայրը, վախենալով, որ երեխաները կժառանգեն գահը, որոշեց ազատվել նրանցից. դրեց կողովը և նետեց Տիբրոս գետը:
Սակայն ալիքները նրանց ափ հանեցին, էգ գայլն էլ կերակրեց: Մի հովիվ մեծացրեց
ու դաստիարակեց նրանց: Եղբայրները վրեժ լուծեցին թշնամուց: Որոշեցին հիմնել իրենց քաղաքը: Այնտեղ, որտեղ ալիքները նրանց ափ էին հանել, սկսեցին քաղաք կառուցել: Բայց վեճ
ծագեց, և Հռոմուլոսը սպանեց Հռեմոսին:
Հռոմուլոսը ավարտին հասցրեց քաղաքի շինարարությունը և իր անունով կոչեց Հռոմ:
Քաղաքի խորհրդանիշը դարձավ էգ գայլը: Տարբեր վայրերից մարդիկ եկան և բնակվեցին Հռոմում: Հրապարակում կատարվեց հանդիսավոր ծիսակատարություն. փորվեց մի փոս, և
յուրաքանչյուրն այնտեղ լցրեց իր հայրենիքից
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։













