Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևը, չափերը, գույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:
Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:
Ուշադրություն
Աչքն ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):
Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

Տեսողության հիգիենա
Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը
● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով
● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը
● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ
● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:
● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում
Ուշադրություն
Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:
Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):
Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի առջևում (նկար II):
Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:
Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):
Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

Դասարանական աշխատանք
1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։ 4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
- Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը՝ մոտ 25 սմ։
- Մարդու աչքի մասերը և դրանց նշանակությունը.
- Ծիածանաթաղանթ՝ աչքի արտաքին պաշտպանիչ պատը, որը պահպանում է աչքը վնասներից։
- Բիբ՝ աչքի կենտրոնում գտնվող անցք, որը կարգավորում է աչք ներս եկող լույսի քանակը։
- Եղջերաթաղանթ՝ այն հատվածը, որը անդրադարձնում է լույսը։
- Ակնաբյուրեղ՝ կուռ մակերես, որը բեկում է լույսը և տեսողական պատկեր ստեղծում ցանցաթաղանթի վրա։
- Ցանցաթաղանթ՝ աչքի հետևի մասը, որտեղ առաջանում է պատկեր։
- Նյարդեր՝ հաղորդում են ցանցաթաղանթից գրգիռը գլխուղեղին։
- Կարճատեսությունը շտկվում է ցրող (գոգավոր) ոսպնյակներով ակնոցների միջոցով, որոնք օգնությամբ հեռավոր առարկաները հասանելի են դարձնում։
- Տեսողության արատները կանխելու համար անհրաժեշտ է.
- Պարբերաբար ընդհատել աչքերով ծանրաբեռնված աշխատանքը։
- Աշխատել լավ լուսավորությամբ։
- Կարդալ և գրել ճիշտ հեռավորությունից և լավ լուսավորված տարածքում։
- Հրաժարվել կարդալուց պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում։