Posted in Պատմություն 6

Հռոմեական պետության վերելքը

Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ։ Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ։
Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պետության՝ Կարթագենի հետ։ Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր: Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին՝ երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և հիմնահատակ ավերեցին։ Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:Լուծելով Կարթագենի խնդիրը՝ հետո Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները՝ Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին։ Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը։
Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը
Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների վրա՝ երբեմն նրանք զավթում էին իշխանությունը։
Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը,
ստեղծեցին առաջին եռապետությունը։ Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը։ Սակայն նրանց միությունն անկայուն էր: Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին:
Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական
պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին։ Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը։ Նա սկսեց միանձնյա կառավարել։ Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը։ Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը։ Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը՝ որպես պետության առաջին դեմքի։ Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինքն՝ բարձրագույն զինվորական իշխանությունը։ Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում։ Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցիպատ անվանումը։
Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը։ Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը։ Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր։ Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին։

Advertisement

Առաջադրանքներ

1.Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:
2.Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:

3.Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
4.Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:

5.Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
6.Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։

Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը՝ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր։ Այս կղզին ռազմավարական կարևորություն ուներ, և կողմերից յուրաքանչյուրը ցանկանում էր վերահսկել այն՝ տնտեսական և ռազմական առավելություններ ստանալու համար։

Կարթագենցիների նշանավոր առաջնորդը՝ Հաննիբալ էր։ Նա հայտնի էր իր ռազմական հմտություններով, հատկապես երկրորդ Պունիկյան պատերազմում։

Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը՝ Հռոմում գերիշխանություն հաստատելու համար պայքարում էին Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն