Posted in Պատմություն 6

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում
է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից
էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր
վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։/պատմել/

Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան
Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրները սակավ են, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան,
հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Հատկապես նշանակալից էր Երվանդունիների կարողությունը՝ հավա­քագրելու զգալի կենդանի ուժ ռազմական արշավների և վերահսկվող տարածքներում իրենց քաղաքական ու ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այդպիսով ՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազ­մավորել բանակը՝ ստեղծելով շուրջ
40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր
վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են
Մարաստանից Հայաստանի կախվածության։ Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում Աքեմենյան ապագա թագավոր Կյուրոս Մեծի
կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն
աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա.
550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝ իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից, միայն թե հետաձգելով այն ավելի պատեհ ժամանակների։/պատմել/

Հակաաքեմենյան ապստամբությունը

Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից։ Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ ԱքեմենյանՊարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում
ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։
Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում
է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։/ընթերցել/

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում ՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է
Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու
ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և
այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։ Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի
ծաղկմանը։ Այս և այլ մանրամասների մասին մենք իմանում ենք հույն զորավար և
պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ
ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր
հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի
առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։/ընթերցել/

ա. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին։
Պարույր Սկայորդին, լինելով Հայկ Նահապետի սերնդից, միացել էր Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին Ասորեստանի դեմ։ Ք. ա. 612 թ. դաշինքի հաջող արշավանքից և Նինվեի կործանումից հետո, նրա ներդրումն այս հաղթանակում գնահատելով՝ Մարաստանի արքա Կիաքսարը Պարույրին թագադրում և ճանաչում է որպես Հայաստանի արքա։ Պարույր Սկայորդին կարողանում է իր իշխանության տակ միավորել Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ ձգտելով վերահսկել ամբողջ Հայկական լեռնաշխարհը։


բ. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում։
Երվանդ I Սակավակյացին կարողանում է վերականգնել նախկին Վանի թագավորության տարածքների վերահսկողությունը և ստեղծել հզոր բանակ՝ մոտ 40,000 հետևակ և 8,000 հեծելազոր։ Սա ամրապնդում է նրա իշխանությունը և թույլ է տալիս ժամանակավորապես պահպանել անկախություն Մարաստանի նկատմամբ։
Տիգրան Երվանդյանը, դաշնակցելով Կյուրոս Մեծի հետ մարական տիրապետության դեմ ապստամբության ժամանակ, նպաստում է Աքեմենյան Պարսկաստանի ձևավորմանը։ Հայաստանի՝ որպես դաշնակից պետության կարգավիճակը Կյուրոսի օրոք հնարավորություն է տալիս պահպանել ներքին ինքնավարություն՝ հարկ վճարելու և զինվորներ տրամադրելու պայմանով։


գ. Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։
Դարեհ I-ը կայսրության միասնականությունը պահելու համար ստեղծում է նոր վարչական բաժանում՝ սատրապությունների համակարգը, կայսրությունը բաժանելով 20 մարզի։ Նա հաստատում է կենտրոնացված հարկահավաքություն, արդարադատություն և զինվորագրում։
Հայաստանը դառնում է XIII սատրապությունը։ Չնայած ապստամբություններին, Դարեհին հաջողվում է իր գերիշխանությունը հաստատել միայն հինգ ճակատամարտից հետո։ Նրա կառավարման ընթացքում կառուցվում է Արքայական ճանապարհը, որի մի հատված անցնում էր Հայաստանի հարավով՝ նպաստելով առևտրին։ Հայաստանը, ունենալով սատրապի տեղում Երվանդական արքայատոհմից մի ներկայացուցիչ, շարունակում է որոշ ինքնավարություն ունենալ՝ թեև կախված լինելով Աքեմենյան կայսրությունից։

Առաջադրանքներ
ա. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:
բ. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:
գ. Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

One thought on “Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Թողնել մեկնաբանություն