Posted in Գրականություն 7

ՓԱՐՎԱՆԱ

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

5Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
10Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
15Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
20Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II


25Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
30Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
35Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
40Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
45Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
50Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
55Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
60Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

65Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
70Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
75Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
80Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
85Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
90Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
95Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
100Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
105Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
110Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
115Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
120Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

125— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
130Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
135Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
140Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
145Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,
150Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
155Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
160Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա

. Անծանոթ բառերը և բացատրությունը

ամայի — դատարկ

ալեհեր — սպիտակ մազերով

սեգ — գեղեցիկ, հպարտ

զրահ — պաշտպանիչ հագուստ

2. Նկարագրի՛ր ուրիշ աշխարհը

Այդ աշխարհը բարձր լեռների վրա էր, գեղեցիկ և խաղաղ։ Այնտեղ կար ճերմակ ամրոց, կապույտ երկինք և մաքուր բնություն։

3. Նկարագրի՛ր արքայադստերը

Նա շատ գեղեցիկ, նուրբ և բարի էր։ Ուզում էր ոչ թե հարուստ կամ ուժեղ մարդ, այլ իսկական սիրով մարդ։

4. Ո՞ր կերպարն է ավելի ամբողջական

Արքայադուստրը, որովհետև նրա կյանքը, զգացմունքները և վերջը ամբողջությամբ ներկայացված են։

5. Վերնագրի՛ր մասերը

I — Աշխարհի և արքայադստեր նկարագրություն

II — Մրցույթ

III — Սպասում

IV — Տխուր ավարտ

6. Ինչո՞ւ է կոչվում «Փարվանա»Քանի որ կապված է Փարվանա արքայի և լճի հետ։

7. Ո՞րն է հիմնական ասելիքը

Չափազանց մեծ ցանկությունները կարող են բերել ցավի։

8. Հատվածներ

ա) Ամենագեղեցիկ — աղջկա նկարագրությունը

բ) Ամենալարված — մրցույթի պահը

գ) Ամենատխուր — լաց լինելու հատվածը

դ) Ամենախաղաղ — սկզբի բնության նկարագրությունը

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն