Posted in Մայրենի 6

Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Համո Սահյան, Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Posted in Մայրենի 6

Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի’ր:

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։

3.Պատմվածքից դուրս գրի’ր  դարձվածքներ:

4. Խորհուրդ տո’ւր փաթիլին:

Posted in Մայրենի 6

Ամանորյա ընթերցանություն

big_1356500843_8070828

Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռևս Հայաստան չէին հասել, մեր նախնիները Նոր տարվա տոնը մեզ պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռային հրաշագործների բացակայության դեպքում էլ Նոր տարին  Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։Նոր տարվա հայկական անվանումն ինքնին՝ Ամանորը, շատ գեղեցիկ մի առասպել ունի:

Հին առասպելի համաձայն` հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սեր խոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ Նոր տարվա տոնն անուն է ստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր է նվիրել։ Եվ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլոր վիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չեն զարդարել; Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրան չրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանում էին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում, ու ճյուղը նետում էին թոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերով զարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերից ավանդական ծառ էին սարքում: Մեր նախնիները Նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։ Այդպիսի «գուշակությունների» համար հատուկ բլիթներ էին թխվում. եթե հետաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթե տնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով եւ այլն։ Եթե խմորը բարձրանում էր, նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եվս մեկ հետաքրքիր հայկական սովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բեերում տուն, եւ մինչեւ Սուրբ ծնունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել, այն գցել կրակի մեջ ու երազանք պահել:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

  1. Մի բառով qրի՛ր:
  • Ո՞վ է այն մարդը, ով առևտրով է զբաղվում-վաճառական
  • Ինչպե՞ս ենք անվանում այն կենդանուն, որը մսով է կերակրվում:-մսակեր

Ինչպե՞ս ենք անվանում այն մարդկանց, ովքեր լեռներն են մագլցում:-Լեռնագնաց

  • Վայր, որտեղ մրգատու ծառեր են աճում:-Այգի
  • Կառույց, որտեղ մարդիկ աղոթում են:-եկեղեցի
  • Կենդանի, որը երկար ականջներ ունի և արագ է վազում:-նապաստակ
  • Կատակել սիրող մարդ:-կատակասեր
  • Լույսը բացվելու պահը:-լուսաբաց
  • Երկրագնդի արևը դուրս գալու մասը:-Արևածագ

2. Հիմա դուք փորձեք բացատրել.

դպրոց-կրթություն ստանալու վայր

հայրենիք-միջավայր որտեղ դու ծնվել ես և ապրում ես մինչ օրս:

լճակ-փոքրիկ փոս, որի մեջ ջուր է լցված:

ընտանիք-այնտեղ որտեղ քեզ շրջապատում են այն մարդիկ որոնց արյունը նույն է:

համակարգիչ-Լույս վառող իր, որը կարծես գիրք լինի:

մոծակ-փոքր միջակ, որը գալիս է ամռանը:

միրգ-քաղցր իրարից տարբերվող սնունդ:

տիեզերք-Վայր, որտեղ գրավիտացիան համարյա գոյություն չունի:

3. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Աստղիկ, արկղի, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ. քաղցրիկ, անուշիկ:

Իկ ածանցը իմաստը ավելի է մեղմնացնում:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի, զանգ:

Գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, որդյակ, զանգակ:

Իրերը դարձան ավելի փոքր և ավելի մեղմացրած

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն), ձագ:

Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսիկ, ձագուկ:

Իրերը դարձան ավելի փոքր և ավելի մեղմացրած

4. Նախադասություններն ավարտի՛ր

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց աքլորը չուզեց և գնաց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև աքլորը չհամոզվեց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը թարս նայեց իրեն:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին շատ դժվար էր որևէ բան համոզել:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից նա բացասական պատասխան ստացավ:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև նա երկար ժամանակ միայն նրա մասին էր մտածում:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ աքլորը զայրացած էր:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ ամեն ինչ լավ է:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած որ աքլորը ոչ մեկի հետ չէր խոսում:

5. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական վեցերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է, նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Մեր դասարանում նորեն կա, իր անունը Նարեկ է, բայց մեր դասարանից մի երեխա է դուրս եկել:

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Մաթեմատիկա ա. բ և պար: Շատ հետաքրքիր դասեր են, ինձ դուր է գալիս:

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Ուսուցիչները այս տարի շատ են և շատ բարի են, բայց մեր ռուսերենի ուսուցիչը մեր նախանցած տարվա երկարօրյաի ուսուցիչն է:

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Շենքը ուրիշ է և շատ մեծ է (երեք հարկ) կանոնները շատ են: (Չի կարելի ուշանալ, չմասնակցել ուսումնական ծրագրին) և այլն:

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

Շատ լավ:

6. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր ու կարկաչուն առվակներ
են հոսում, գետնի տակից արագավազ ու սառնորակ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի խորը լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը լեռնային գեղատեսիլ լճերով  հարուստ է է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի  լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Ածականների շնորհիվ տեքստը ավելի հարուստ, մարմնամասն, իմֆորմատիվ և գեղարվեստական:

7. Կարդա’ առակը: Ո՞րն է առակի իմաստը:

Ապրում էին աղվեսն ու արագիլը։ Աղվեսը շատ եսասեր էր, չնայած որ մի օր որոշում է հրավիրել արագիլին ընթրիքի։ Արագիլը չափազանց ուրախանում է՝ իմանալով հրավերի մասին, և նշանակված ժամին հյուր է գնում։ Աղվեսը բացում է դուռը և նրան ներս հրավիրում։ Նրանք սեղան են նստում։ Աղվեսը մատուցում է իր ապուրը տափակ ափսեով։ Քանի դեռ աղվեսը վայելում էր իր ապուրը, արագիլը իր երկար կտուցի պատճառով չէր կարողանում խմել այն։ Հաջորդ օրը արագիլը հրավիրում է աղվեսին ընթրիքի։ Նա նույնպես մատուցում է ապուր, բայց այս անգամ կճուճի մեջ։ Արագիլը վայելում և վերջացնում էր իր ապուրը, իսկ աղվեսը սոված վերադառնում է տուն՝ գիտակցելով իր սխալը։

Առակի իմաստը այն է ինչ տալիս ես, դա էլ ստանում ես: Դա աշխատում է ակն ընդ ական սկզբունքով: Ինչ որ չես ուզում, որ քո հետ անեն, ինքդ ել չպիտի անես:

8. Կարդա առակը և վերջում լրացրու միտքը.

Մի օր գետն ինքն իրեն մտածում է․

-Արդյո՞ք պետք է ամբողջ կյանքս հոսեմ։ Չե՞մ կարող դադարել և հանգստանալ մի փոքր։

Նա խորհրդի կարիք ուներ, դիմեց սարին՝ ասելով իր մտավախությունը։ Սարը միայն ծիծաղեց և ասաց․

-Է՜յ, նայիր ինձ։ Ես տարիներով կանգնած եմ այս նույն տեղում։

Գետը պատասխանեց․

-Դու կանգնած ես մի տեղում և երբեք չես հոգնում։ Նայի’ր ինձ,
ես անընդհատ շարժվում եմ, չեմ հանգստանում նույնիսկ մեկ րոպե։

Սարը ժպտաց․

-Ես հոգնում եմ այստեղ կանգնելուց։ Ես ամեն օր տեսնում եմ նույն ծառերը և նույն երկինքը։ Երբեմն ես ցանկանում եմ հոսել գետի նման․․․
Ես ցանկանում եմ գնալ անտառներ և գյուղեր՝ ջուր տանել նրանց, կյանք տալ և սիրվել բոլորի կողմից։

Գետը պատասխանեց․

-Տարօրինակ է, որ այդպես ես մտածում։ Քո կյանքը շատ հարմարավետ և խաղաղ է ։

-Չես հասկանում, ի՛մ քույր, -պատասխանեց սարը և շարունակեց։- Քեզ բոլորը երկրպագում են, դու բոլորին օգուտ ես տալիս։ Երբեմն նույնիսկ միանում ես ծովերին։

Այս լսելով՝ գետը պատասխանեց․

-Դու միանշանակ ճիշտ ես,եղբա՛յր իմ։ Իմ կյանքի իմաստը շրջելն է, բարին տարածելը և ամեն ինչ գեղեցկացնելը:
Շնորհակալություն լավ խորհրդի համար։

Posted in Մայրենի 6

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Սա գործնական քերականություն է Գործնական քերականություն, իսկ սա աշնանային ստեղծագործություն է Աշնանային․․․, սա նույնպես աշնանային ստեղծագործություն է որն ինձ շատ է դուր եկել Աշնան մեղեդի, այս ստեղծագործությունը ես եմ գրել Ինչո՞ւ չհավատալ, սա նույպես գործնական քերականություն է, մենք ամեն երկուշաբթի անում ենք Գործնական Քերականություն: Սա մի պատմություն է մեր դպրոցի մասին Ինչպես սկսվեց ամեն ինչ: Սա բանաստեղծություն է Անդաստան․ Դ․ Վարուժան: Սա պատմույթունն է մի տերևի մասին որ ճամբորդում է ամբողջ աշխարհով Դեղին տերևի ճանապարհորդությունը

Posted in Մայրենի 6

Դեղին տերևի ճանապարհորդությունը

Աշուն էր։ Հողմը սրբում էր ծառերի վրա մնացած վերջին տերևները։ Մի փոքրիկ դեղին տերև, որն ապրում էր հսկա կաղնու ծառի վրա, օրեր շարունակ երազում էր ճանապարհորդության մասին։ Նա ուզում էր տեսնել աշխարհը, զգալ քամու հպումը և անցնել գետերի վրայով։ Եվ ահա, մի օր, ուժեղ քամին եկավ ու քնքշորեն պոկեց նրան ծառից։

Քամին տերևին տարավ դեպի հեռու սարեր, որտեղ մառախուղն էր։ Տերևն առաջին անգամ զգաց բարձրության շունչը, երբ նայում էր ներքև՝ գետերի պտույտներին ու փոքրիկ գյուղերին։ Հետո քամին նրան իջեցրեց մի այգի, որտեղ երեխաները խաղում էին գունավոր տերևների հետ։ Մեկը վերցրեց դեղին տերևը և պահեց իր ձեռքում։ «Ինչ գեղեցիկ տերև է»,- ասաց երեխան ու դրեց տետրակի մեջ։

Բայց տերևը չէր ցանկանում մնալ այնտեղ։ Մի նոր քամի փչեց, և տերևը դուրս պրծավ տետրակից՝ շարունակելով իր ճանապարհորդությունը։ Այս անգամ նա հասավ գետի ափ, որտեղ ձկնորսներն էին նստած։ Նա ընկավ գետը, ու ջուրը սկսեց կրակոտ պարերով տանել նրան։ Ջուրը նրան տարավ ծով, որտեղ նա տեսավ ալիքների զայրույթն ու անսահման երկինքը։

Տերևի կյանքն արդեն մոտ էր ավարտին, բայց նա չէր տխրում։ Նա հասկացել էր, որ կյանքն իսկապես գեղեցիկ է իր բոլոր պահերով՝ թե՛ քամու և ջրի քնքուշ շոյանքով։

Հեռու մի հեռուներում նա դանդաղ նստեց ավազի վրա՝ ծովափին։ Եվ չնայած իր փոքրիկ կյանքին՝ նա երջանիկ էր։ Նա ապրեց իր ճանապարհորդությունը լիարժեք՝ դառնալով աշնան իրական խորհրդանիշը։

Posted in Մայրենի 6

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս, կոչնակ, գյուղակ, բերրիություն, ցող, օրհներգություն, գերանդի, ամբար, բերկրություն, հորդել։

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Posted in Մայրենի 6

Ինչպես սկսվեց ամեն ինչ

Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

— Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:

— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:

— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:

— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:

— Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:

— Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:

Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:

— Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:

— Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:

Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:

— Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:

— Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:

— Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:

— Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:

Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:

Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:

Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:

Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ

— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:

— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:

Զրույցը վարեց Լիլիթ Աղաջանյանը, 10-րդ դասարան

Աղբյուրը`  Դպիր

Posted in Մայրենի 6

Գործնական Քերականություն

1․ Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • դժգույն- Դժ + գույն
  • գունավոր- գույն + ավոր
  • խաղաղություն= խաղաղ + ություն
  • անկախություն= ան + կախ + ություն
  • հանրային= հանր + ային
  • չկամ-չ + կամ
  • ամպոտ- ամպ + ոտ
  • միտք- միտ + ք
  • գետափնյա-գետափ + նյա
  • հորդառատ + հորդ + առատ

2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․

Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահագ, գոգնոց, զուգերգ , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուք, աքցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանգարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծագել։

3․ Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:

Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ:

Կրիաի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Լավ լողորդի ու փրկարարի քո համբակը մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

Վիրավոր գազանի ոռնոցն անտառում դեռ երկար լսվեց:

4․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ըկնում են գերանները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտե մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդեոններ են սարքվում:

Posted in Մայրենի 6

Ինչո՞ւ չհավատալ

Ինչո՞ւ չհավատալ քեզ։

Հավատալ է պետք քեզ։

Միշտ հավատա և փորձիր այնքան, մինչև ստացվի։

Հավատա. եթե չհավատաս, երբեք չի ստացվի։

Հավատա միշտ, որ ստացվի ամեն ինչ։