Posted in Մայրենի

«Պաղպաղակե դղյակը»

 Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում  մարդիկ  մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից  էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին,  որ մի քիչ  լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր:

Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի  մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ  ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:

-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:

Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:

Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:

Այդ օրվանից  երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.

-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս:
 

Posted in Մայրենի

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Posted in Մայրենի

Հասած երկինքը

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Posted in Մայրենի

Փոխեցին գլուխները

Արկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Posted in Մայրենի

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

Բնութագրի՛ր վաճառականին։

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

Posted in Մայրենի

Հիշողությունը

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
Posted in Մայրենի

Ստեղծագործում ենք. Կյանքը երգի, երկնքի պես

Կյաքը միշտ ուրախ է կամ տխուր: Եղանակներն լինում են տխուր և ուրախ: Ամառը ուրախ է և զվարճալի: Ամռանը շատ տաք է լինում: Ամառը ամենա ուրախ եղանակն է տարվա մեջ: Ամառը կյանքում չի տխրում: Գարունը մեկ տխրում է մեկ ուրախանում, մի օր ցուրտ է, մի օր տաք: Գարնանը հաճախ անձրև է գալիս: Գարուն է, այս օր գարունն շատ ուրախ է և օրը արևոտ: Աշուն է, տերևները չորանում են և ծառերի վրայից ընկնում են ցած: Աշնանը կյանքը ուրախ է իմ համար է իմ համար: Աշնանաը հաճախ ձյուն է գալիս: Ձմռանը շատ ցուրտ է և ձյուն է գալիս: Ձմեռը ուրախ է: Այդպես մարդիկ, կենդանիները և եղանակները կամ տխրում են կամ ուրախանում:

  1. Գրիր քեզ դուր եկած հատվածը:

Posted in Մայրենի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր: սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք: վսեմ-էություն ունեցող բար-պտուղ

2.Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք: արևահամ, լացակումած, վառման, հեզաճկուն, նաիրյան, մուգ, ջինջ, լուսե,

3.Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

4.Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

5.Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

6.Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

7.Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

Posted in Մայրենի

Մայր հեքիաթ, վերլուծություն

Մայր ծիծեռնակը բույն էր շինել և ամեն օր նա իր ձագուկներին կեր էր բերում: Մի գարնան երեկո, երբ մայր ծիծեռնակը կեր բերեց իր ձագուկներին: Ձագուկները ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները: Այդ ժամանակ նրանցից մեկը, երևի ամենա սովածն էր կամ արմենից անզգուշը, շտապեց և ընկավ բնից: Մայրիկը ճչաց և գնաց ձագուկի հետևից: Այդ վարկյանին մի կատու եկավ, վեր թռցրեց փոքրիկ ձագուկին: Մայր ծիծեռնակը իր սուր կտուցով ընկավ կատվի ետևից: Կատուն մտավ ամբարի տակը: Մայր ծիծեռնակը գնաց կանգնեց ծառի ճյուղին, և այդ պահիմ մի ճյուղ ընկավ մայր ծիծեռնակի վրա:

Այս պատմվացքը ցույց է տալիս, որ կենդանիներնել են մտածում իրենց ձագուկների մասին, և տխրում են:

Posted in Մայրենի

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։