Դաս 1

Հին հույներն իրենց պատմությունը կերտել են Բալկանյան թերակղզու հարավում և Էգեյան ծովի ավազանում՝ Հունաստան, Էգեյան կղզիներ, Փոքր Ասիայի առափնյա շրջաններ:
Հունաստանը լեռներով կտրտված՝ ոչ մեծ երկրամասերով տարածք է, որոնցում չկան խոշոր գետեր, արգավանդ դաշտավայրեր ու անտառներ: Ուստի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ էր հողի պարարտացում և ոռոգում: Հունաստանին միշտ պակասել է հացահատիկը, որը ներկրվել է այլ երկրներից: Արոտավայրերի սակավության պատճառով մարդիկ պահում էին հիմնականում մանր եղջերավոր անասուններ՝ այծ, ոչխար: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով՝ երկաթ, պղինձ, անագ, ոսկի, արծաթ, մարմար, կավ և այլն: Դրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում արհեստագործության համար: Կտրտված ծովափերին նավահանգիստների համար կային բազմաթիվ հարմար ծովածոցեր: Ժամանակի ընթացքում հույները դարձան հմուտ նավագնացներ և հասան Միջերկրական ու Սև ծովերի հեռավոր ափերը: Հույներն այդ բնական միջավայր էին ներգաղթել առանձին ցեղախմբերով Բալկանյան թերակղզու հյուսիսից, որոնք հաստատվել էին երկրի տարբեր հատվածներում: Այդ ցեղախմբերն էին աքայացիները, դորիացիները, հոնիացիները: Երբեմն նրանք պատերազմում էին միմյանց դեմ, սակայն օտարների դեմ պայքարելիս, որոնց անվանում էին բարբարոսներ, միավորվում էին:
Կրետեի տիրապետության դարաշրջանը (Ք.ա. 3000–1100–ական թթ.)
Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հետագայում զարգացան արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն, կաշեգործություն, փայտամշակություն և այլն: Համատեղ աշխատանքի և պաշտպանության նպատակով գյուղական համայնքները սկսեցին միավորվել ամրոց–պալատների շուրջը: Այդ պալատներում ապրում էին տեղական արքայիկները: Կրետեում կային տասնյակ պալատական նման կենտրոններ: Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին միասնական պետության մեջ: Դրա մայրաքաղաքը Կնոսոսն էր:
Ք.ա. XVII–XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Նա իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա: Այդ տերությունն անվանվել է նաև Կրետեի ծովապետություն: Սակայն Կրետեի հզորությունը փլուզվեց Ք.ա. XV դարի կեսերին: Պատճառը բնական աղետն էր. Էգեյան ծովի հարավում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Շուտով Կրետեներ թափանցեցին հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը: Սակայն չկարողացան դիմակայել Ք.ա. XII դարի կեսերին սկսված հունական այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին: Դրանց հետևանքով Կրետեի տերությունը հեռացավ պատմության ասպարեզից: Մարդկությունը ժառանգել է Կրետեի մշակութային նվաճումները՝ շինարարական արվեստը, կրոնը, գիր ու գրականությունը, գիտական միտքը:
Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը (Ք.ա. XII–IX դարեր)
Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը: Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները, Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին: Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և միաժամանակ զինվոր էին: Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ, որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային կարգերը սկսեցին քայքայվել:
Առաջադրանք 1
>Սովորի՛ր դասը և դիտի՛ր տեսանյութը
>Կարդա՛լ Իլիական և Ոդիսականը քննարկելու ենք դասարանում
>Հին հունական իմաստություններ ից ընտրի՛ր 5-ը և դուրս գրիր
Դաս 2
Հին Սպարտան և Աթենքը
Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր՝ Լակոնիայում: Հնագույն ժամանակներում այստեղ ապրում էին աքայացիները: Ք.ա. XII դարում երկրամասը գրավեցին դորիական ցեղերը:
Սպարտայի հասարակական կարգը
Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:
Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:
Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից:
Սպարտայի պետական կառավարումը
Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր: Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը: Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին: Հատկանշական էին սպարտացիների համատեղ ճաշկերույթները: Տարբեր տարիքի ու դիրքի 15–20 տղա մարդ ամեն օր ճաշում էին միասին: Դա առիթ էր մտերմիկ շփման: Քննարկվում էին պետական կարևոր հարցեր: Համատեղ ճաշկերույթները նպաստում էին սերունդների միջև փորձի փոխանակմանը և կապի ամրապնդմանը: Պետության հզորության հիմքը բանակն էր: Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:
Աթենքը Ք.ա. VII–VI դարերում
Աթենական պոլիսը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր: Ք.ա. VII դարում աստիճանաբար ձևավորվեց Աթենքի քաղաքական կարգը: Անցումը պետականության ուղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով: Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ Սոլոնը Ք.ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությունը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց: Կատարեց նաև դրամական բարեփոխություն՝ դյուրացնելով Ատտիկայի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ: Սոլոնից հետո, սակայն, իրավիճակն Աթենքում ավելի սրվեց: Պայքար սկսվեց տարբեր խմբավորումների միջև: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի: Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր: Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը: Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը: Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների: Դրանք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները: Աթենացիներն սկսեցին ապրել համապետական օրենքներով: Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույն սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը: Ստրատեգոսները տասն էին՝ ընտրված ամենահեղինակավոր քաղաքացիներից: Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց աթենական ժողովրդավարության կայացման գործում:
Առաջադրանք 2
>Կարդա՛լ և սովորե՛լ դասը
>Ծանոթացի՛ր-Հունական մշակույթին
>Փորձի՛ր գտել այս որմնանկարի անունը և հեղինակին



























