Posted in Գրականություն 7

Վերլուծություն

Պատմության մեջ ներկայացված է հարգված, լուրջ և հանգիստ ատամնաբույժ, որի կյանքում անսպասելի փոփոխություն է կատարվում՝ նա որոշում է կրել դնովի, հարբեցողի կեղծ քիթ։ Սկզբում ընտանիքը դա համարում է կատակ, բայց ատամնաբույժը քիթը չի հանում․ նա այն ընդունում է որպես իր նոր կերպարի մի մաս։

Նրա որոշումը սկսում է փոխել շրջապատի վերաբերմունքը։ Կինը և աղջիկը ամաչում են նրանից, հարևաններն ու հաճախորդները սկսում են խուսափել, քարտուղարուհին հեռանում է աշխատանքից։ Նույնիսկ հոգեբույժը չի հասկանում նրան։ Բոլորը դատում են ոչ թե նրա մարդկային որակներով, այլ միայն արտաքին մեկ փոփոխությամբ։

Պատմության գաղափարը այն է, որ մարդիկ շատ արագ դատում են ըստ արտաքինի և մոռանում են մարդու բնավորությունը, արժեքները ու գործերը։ Ատամնաբույժը նույն մարդն է՝ նույն հմտությամբ, նույն վարքով, բայց հասարակությունը նրան այլևս չի ընդունում միայն մեկ պատճառով՝ նա «տարբերվում» է։

Վերջում հերոսը հասկանում է, որ սա այլևս քթի հարց չէ։ Սա սկզբունքի հարց է․ մարդը իրավունք ունի լինել այնպիսին, ինչպիսին ուզում է, և ուրիշները չեն կարող իր արժեքը որոշել արտաքինով։

Posted in Գրականություն 7

Քիթը: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:– Սա՞, ի՞նչը:– Այդ քիթը:– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:– Հայրի՜կ…Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:– Հենց հիմա դա հանի:– Ինչո՞ւ:– Կատակն էլ իր ժամանակն ունի:– Բայց սա կատակ չէ:Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.– Ո՞ւր ես գնում:– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:– Բայց այդ քթո՞վ:– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:– Գժվե՞լ է:– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:– Բայց ինչո՞ւ:– Իսկ ինչո՞ւ ոչ:Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:– Հայրի՛կ…– Այո, աղջիկս:– Կարո՞ղ ենք զրուցել:– Իհարկե կարող ենք:– Այդ քո քթի մասին…– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:– Չունի, որովհետև չի ուզում:– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:– Բայց, բայց…– Աղջիկս…– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Posted in Գրականություն 7

Ջրի կաթիլը վերլուծություն

Պատմության մեջ ծերուկ Հոգսեն Զննողը խոշորացույցով ուսումնասիրում է ճահճաջրի մի կաթիլ և այնտեղ տեսնում անթիվ փոքրիկ էակներ, որոնք անդադար կռվում, հրմշտում ու վնասում են միմյանց։ Նա փորձում է նրանց «կարգի բերել», բայց երբ կաթիլին նայում է մեկ այլ կախարդ, այն նրան հիշեցնում է ոչ թե կենդանիների, այլ իրական մեծ քաղաքների մարդկանց վարքը։Պատմության հիմնական գաղափարն այն է, որ մարդիկ հաճախ ապրում են նույնպիսի անհանդուրժելի, անհանդարտ ու ինքնասպան մրցակցության մեջ, ինչպես այդ փոքրիկ արարածները։ Հեղինակը ցույց է տալիս, որ նույնիսկ մեծ քաղաքները կարող են նմանվել ճահճաջրի կաթիլի վրա, եթե մարդիկ մոռանում են բարությունը և շփվում են միայն նախանձով ու ագրեսիայով։

Posted in Գրականություն 7

Օրվա ամենա սպասված պահը

Օրվա ընթացքում շատ գործեր ու դասեր ունեմ, և երբեմն այնպես է լինում, որ ամբողջ օրը անցնում է շտապելով։ Բայց ամեն երեկո կա մի շատ սիրելի պահ, որին ամբողջ օրը սպասում եմ։Երեկոյան մենք ընտանիքով նստում ենք միասին թեյելու։ Սեղանի շուրջ բոլորս հավաքվում ենք, տաք թեյ ենք լցնում բաժակների մեջ և սկսում ենք պատմել մեր օրվա մասին։ Յուրաքանչյուրս ասում է, թե ինչ է տեղի ունեցել դպրոցում կամ աշխատանքի մեջ, ինչ է ուրախացրել կամ ինչ է անհանգստացրել։Հատկապես ձմռանը այս պահը ավելի ջերմ ու հաճելի է։ Դրսում ցուրտ է, երբեմն՝ ձյուն, իսկ տանը մենք նստած ենք տաք թեյով, և ամբողջ տունը լցվում է հանգստությամբ։ Այդ պահին ես զգում եմ, որ ընտանիքս իմ ուժն է, և որքան էլ ծանր լինի օրը, երեկոյան փոխանցվող այդ ջերմությունը ամեն ինչ փոխում է։Այս փոքրիկ երեկոյան հավաքը իմ օրվա ամենասպասված պահն է, որովհետև այնտեղ կա ամեն ինչ՝ սեր, խաղաղություն և միասին լինելու հաճույք։

Posted in Գրականություն 7

Ջրի կաթիլը

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեև կան ու այնտեղ են, իհարկե:Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած: Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մերկ վայրենիներ:— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Posted in Գրականություն 7

Գրաբարյան ընթերցանություն

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենականԻ մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:***Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,Արագ հասուցանելով ի բանակն իւր:***Եթէ դու յորս հեծցիսՅԱզատն ի վեր ի Մասիս,Զքեզ կալցին քաջք, տարցինՅԱզատն ի վեր ի Մասիս.Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Posted in Գրականություն 7

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին

Posted in Գրականություն 7

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։— Ծածկիր, այ տղա։Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։— Հենրիխ, ասա րոդերը։— Հաջա՞ն…— Րոդերը, խնտրեմ։Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։— Ետո՞…— Սրեդնիիիի…— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։— Սրեդնի Ազիա…— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․— Երկրաչափություն՝ երկու…— Վա՜շ։— Պատմություն…— Վա՜խ։— Ռուսաց լեզու…— Վա՜շ, անլեզու տղես։— Բուսաբանություն…— Վա՜խ, բանվոր տղես։— Անգլերեն…— Վա՜շ, ռանչպար տղես…— Աշխատանք՝ հինգ։— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․— Իմս մեկ է, հըմը բեկ է։Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝— Երկու։ Դասարանը ապշած էր։— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Posted in Գրականություն 7, Uncategorized

Էդմոնդո դե Ամիչիս

1․ Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞

Ո՛չ, հայրը երեխային պիտի սիրի ոչ թե միայն սովորելու համար, այլ պարզապես այն պատճառով, որ նա իր որդին է։ Սերը պայմանով չի լինում։ Եթե սիրես միայն լավ գնահատականների համար, դա արդեն սեր չէ, այլ պահանջ։ Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում են՝ անկախ այն բանից, լավ է սովորում, թե վատ։ Այդ սիրո շնորհիվ նա էլ ավելի մեծ ցանկություն կունենա սովորելու և առաջ գնալու։

2․ Ինչպե՞ս կգնահատես Ջուլիոյի արարքըՋուլիոյի արարքը շատ բարոյական և ինքնազոհ է։

Նա գաղտնի աշխատում էր, որովհետև ուզում էր օգնել իր հորն ու ընտանիքին, չնայած որ դա վնասում էր իր առողջությանը և ուսմանը։ Նրա արարքը ցույց է տալիս՝սիրո մեծ ուժ,պատասխանատվություն ընտանիքի հանդեպ,հոգատարություն հոր նկատմամբ։Միաժամանակ, նա սխալ էր, որ դա անում էր գաղտնի ու խաբելով․ ճիշտը կլինի ծնողների հետ բաց խոսելը։ Բայց նրա նպատակը մաքուր ու բարի էր, և դրա համար նրա արարքը գնահատելի է։
3․ Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում

Սիրված եմ զգում, երբ ծնողներս հետաքրքրվում են իմ օրով, լսում են, երբ ինչ-որ բան եմ պատմում, ժամանակ են անցկացնում ինձ հետ, արձագանքում են իմ խնդիրներին և ջանքերիս։Անտեսված եմ զգում, երբ երկար ժամանակ չեն հարցնում՝ ինչպես եմ, երբ իմ խոսքը ընդհատում են կամ չեն նկատում, որ ինձ օգնություն է պետք։ Երբ զգում եմ, որ իրենց հոգսերով այնքան զբաղված են, որ իմ վրա ուշադրություն չի մնում։

4․ Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր

Ես ընտանիքիս աջակցում եմ ամեն օր․ օգնում եմ տան գործերում, հետևում եմ, որ ամեն ինչ կարգին լինի։ Բացի այդ, պահում եմ իմ փոքր քրոջը․ նրա հետ եմ լինում, խաղում եմ և անում եմ այն ամենը, ինչ կարող է թեթևացնել ծնողներիս հոգսերը։

Posted in Գրականություն 7

Երանի՜ նրան, ով բախտավոր է

Երանի նրան, ով բախտավոր է, որովհետև նրա կյանքը լույս ու ջերմություն է կլանած։ Երանի նրան, ով բախտավոր է, որովհետև դժվար պահերին կարող է գտնել հանգստություն և ուրախություն։ Երանի նրան, ով բախտավոր է ,որովհետև սրտում ունի հույս և հավատ, և աշխարհը նրա համար դառնում է տուն՝ տաք ու բարեհաճ։Երանի նրան, ով բախտավոր է որովհետև նրա ճանապարհին պատահական հանդիպումները դառնում են փոքրիկ հրաշքներ։ Երանի նրան, ով բախտավոր է ,որովհետև տեսնում է գեղեցկությունը նույնիսկ պարզ ու առօրյա մանրուքներում։ Եվ վերջապես, երանի նրան, ով բախտավոր է, որովհետև ամեն մի օր ու ամեն մի պահ նրա կյանքում արժեքավոր են, և աշխարհը նրա համար քաղցր ու ջերմագին է դառնում և վերջապես երանի նրան, ով բախտավոր է, որովհետև նրա ճանապարհին հանդիպում են փոքրիկ հրաշքներ։