
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը:
Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկանց ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև դա էլ անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել:
Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղրուծանակից մազապուրծ եղած, քաջալերիր նրան:
Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես աչք ու սիրտ ունեցողին:
Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկի մի ենթարկիր քեզ:
Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է:
Արհամարհիր չարիքը, բայց ոչ չար մարդուն:
Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն լինելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:
Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Վիլյամ Սարոյան
Ինձ դուր եկավ այս խորհուրդը-
Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է: Պետք է մարդկանց հետ վարվես այնպես ինչպես կուզես քեզ հետ վարվեն: Բոլորն էլ հավասր են պետք չէ քեզ վեր դասես:
«Փնտրիր բարին ամենուրեք և երբ գտնես, դուրս բեր թաքստոցից և թող նա լինի ազատ ու աներկյուղ» — Վիլյամ Սարոյան:
…Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.
— Ուսկի՞ց կուգաք…
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
-Ուսկի՞ց կուգաք…
_ Ապագայից,- ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
-Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
— Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան…
Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
— Քու անուն ի՞նչ է…
-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
_ Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա… Քեֆս եկավ… Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան…
Նյութը տրամադրել է Սիլվա Յուզբաշյանը
Վահագն Դավթյանի “Բարի հսկան” գրքից